Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կյանքն առաջ է շարժվում»

«Կյանքն առաջ է շարժվում»
30.05.2017 | 01:53

Ես չեմ ասել, ՀՀ նախագահն է ասել, նրանից էլ առաջ Արմեն Աշոտյանն էր գրել Ֆեյսբուքում, ճիշտ է՝ չբացատրեց, թե առաջ՝ ո՞ւր: ՀՀ նախագահը կառավարության ընդունելությունների տանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձը որակել էր «նշանակալի հոբելյան Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում»: Նա ջանադիր թվարկել էր ապաքաղաքական հիմնադրամի բեղմնավոր և նպատակային գործունեության արդյունքները, շնորհակալություն էր հայտնել անցած քառորդ դարի բոլոր մեծ ու փոքր նվիրատուներին և ասել. «Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ»: ՈՒ նա էլ չէր բացատրել՝ դեպի ո՞ւր: Անցած հինգշաբթի էլ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց, որ կառավարության կազմը չի փոխվելու այս փուլում, որ կառավարության աշխատանքը հիմնականում դրական է գնահատվում, բայց նույն օրը վերանշանակվեցին ոչ բոլոր նախարարները: ՈՒ դա էլ չբացատրվեց:


Շաբաթվա սենսացիան, սակայն, կառավարության արագ նշանակումը չէր: Պարզ էր, որ նոր կառավարությունը հներից է կազմավորվելու՝ մեկ տարվա համար ռացիոնալ չէ նոր մարդկանց գործից կտրել՝ մեկ տարի հետո հրաժեշտ տալու հնարավոր հեռանկարով: Սահմանադրության փոփոխությունից հետո օրենսդրորեն կառավարություններն անցումային են, ընթացիկ կառավարման հարցեր լուծող: Համակարգը կարող է գործել և առանց նախարարների, միևնույն է, կառավարումը կենտրոնացված է մեկ վայրում, ու որոշումներն ընդունողը մեկ մարդ է: «Պարոն վարչապետի ղեկավարը պարոն նախագահն է»՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հստակ ասաց ՀՀԿ մամլո խոսնակը՝ հիշեցնելով՝ մենք մի թիմ ենք: Կառավարությունը Հայաստանի ձևական ժողովրդավարության բաղկացուցիչներից է, լավ կամ վատ կատարում է իր աշխատանքը՝ ունենալով լավի ու վատի ընդհանրական պատկերացումներից բացարձակապես տարբեր չափանիշներ: Դուք երբեք չեք իմանա, թե իրականում ինչ առաքելություն ունեն ու ինչ հանձնարարականներ են կատարում նախարարները՝ ինչի համար են գնահատվում ու ինչի համար պատժվում: Երբեք: Դա համակարգին հավատարմության ոսկե կանոնն է, որը խախտողները վռնդվում են անվերադարձ: Համեմատած վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում նախագահի ուղերձի գնահատականների ու առաջադրած հեռանկարների հետ՝ Հայաստանում կառավարությունը դեռ չի սկսել աշխատանքը: Բայց «ընդհանուր առմամբ» այդ աշխատանքը դրական է գնահատվում: Այսինքն՝ ևս մեկ վկայություն, որ գնահատման հիմքում աշխատանքի արդյունքներն ու հետևանքները չեն, այլ ոչ հրապարակային խնդիրները: Ի վերջո, փոփոխության բացակայությունը նաև դրական է՝ անիմաստ սպասումներ ու ակնկալիքներ չեն առաջանա, հետևաբար հիասթափության նոր ալիք չի լինի: Իրոք, ի՞նչ ակնկալես միակ «նոր» նախարար Դավիթ Հարությունյանից, որ նույն հաջողությամբ կարող է գլխավորել կառավարության 18 նախարարությունները՝ առանց աչքը թարթելու և գոնե մեկ անգամ ոլորտի խնդիրների մասին մեկ րոպե մտածելու, շարադրելով բոլորի անելիքները: Մարդը ոտքից գլուխ պետություն է ու պաշտոնյա՝ մարմնավորելով պետության պաշտոնյաների արատները՝ սկսած մտածողության սահմանափակվածությունից մինչև գործողությունների անազատություն: Նույնը՝ մյուս նախարարները:

Նրանց պաշտոնաթողության և նորի պաշտոնակալության հիմնական հետևանքը լինում է կադրերի անբռնազբոսիկ ջարդը՝ հնի մարդիկ փոխարինվում են նորի մարդկանցով: Գործընթացը կարող է նաև օպտիմալացում կոչվել, եթե ընդհանուր թվի մեջ գոնե մեկ-երկուսը պակասեն (իրենց սպասարկող ավտոմեքենաներով): Այս առումով բացարձակ չեմպիոնը կառավարությունը չէ, այլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ 22 օգնական-խորհրդականներից 6-ին թողեց, բայց նա եզակի է ու նա բժիշկ է, որ գործում է «Մի վնասիր» սկզբունքով, թեպետ կրճատվածները այդ կարծիքին չեն:

Նրանց կտեղաբաշխեն ԱԺ մյուս հաստիքների վրա, աշխատավարձի կորստով, իհարկե: Սենսացիան, այնուամենայնիվ, Արա Բաբլոյանի օպտիմալացումը չէր: Ոչ էլ պատգամավորներին՝ իրենց ուստրերին ու դուստրերին իրենց կամ այլ պատգամավորի օգնական վերցնելու արգելքը: Ոչ էլ հայ-վրացական թեմայով նրա ելույթը: Ոչ էլ ԱԺ մշտական նոր հանձնաժողովների կազմերը: Պատկերացնո՞ւմ եք՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմում ինչ ազգափրկիչ գործունեություն է ծավալելու 18 գրքի հեղինակ Արտաշես Գեղամյանը (նրա գրքերը, ասում են, Պուտինի սեղանին են): Կամ՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմում Իվետա Տոնոյանը, երևի, լուսաբանելու է Ծառուկյանի «հաջորդ դասը» (որ չեկավ ու չի գալու): Իսկ եվրոպական ինտեգրումը դրվել է նաև Արկադի Համբարձումյանի ու Արտակ Սարգսյանի ուսերին, ավելի հասկանալի լինելու համար նշեմ՝ «Դերժավայի» ու ՍԱՍ-ի (եվրոպացիների համար ինչ փայլուն դասընթացներ նրանք կկազմակերպեն ընտրություններում հաղթելու մեթոդների վերաբերյալ): Պաշտպանության և անվտանգության հարցերը վստահվել են Միհրան Պողոսյանին, Ալիկ Սարգսյանին ու Արգամ Աբրահամյանին (այս հանձնաժողովը գերմրցունակ է՝ օֆշորային փորձը, ոստիկանական մեթոդները և հայրական հովանու ներքո առաջընթացի միավորում): Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում իր խոսքը կասի Նապոլեոն Ազիզյանը (գտնված կադր է՝ հատկապես մանդատի իրավունքների պաշտպանության և հարուստ կենսափորձի փոխանակման գծով): Մյուս հանձնաժողովներն էլ ավելի հուսալի ձեռքերում չեն: Բայց դա հետևանք է՝ եթե նրանք են պատգամավորները, նրանք էլ հանձնաժողովի անդամ պիտի լինեին: Իսկ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, ոչ մի հանձնաժողովի անդամ չէ: Ազնիվ կեցվածք է:


Առաջին հանրապետության տոնն էլ նշվեց: Իրականում դա ավելի մեծ ու կարևոր օր է, քան գիտակցվում է: Սեպտեմբերի 21-ը չէր լինի, եթե մայիսի 28 չլիներ, որ աղճատվեց նոյեմբերի 29-ով: Հիմա մենք բոլորովին այլ տարածքում ու բոլորովին այլ տարեթիվ կնշեինք: Այդ եռանկյան մեջ՝ 28, 29, 21, այնքան հերոսություն, դավաճանություն, կորուստներ ու հաղթանակներ, ցավ ու հպարտություն կան, որ չի իմաստավորվել 99 տարում, մինչդեռ անհրաժեշտ է: Բայց դա էլ սենսացիա չէր:


Սենսացիա չէր նույնիսկ ԵԱՏՄ-ն: Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Կազան, որ իմանա՝ ԵԱՏՄ բոլոր երկրներում առաջին անգամ գրանցվել է տնտեսական աճ: Բայց Կազանում ԵԱՏՄ վարչապետների հավաքի սենսացիան համարվեց ոչ թե դա, այլ Մոլդովայի վարչապետի չգալը: Տարօրինակ կլիներ, որ գար, նա նախագահ Իգոր Դոդոնը չէ: Կարեն Կարապետյանը Բելառուսի վարչապետին հանդիպեց: Համագործակցությունից խոսեցին: Մեդվեդևին հանդիպեց, բայց դրայվ չկար: «Ռուսիանո» չեղավ: Գնաց-եկավ: Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը ինն ամսում դուրս չեկավ ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներից՝ նրա պաշտոնական ու աշխատանքային այցերի հասցեները՝ Մոսկվա, Կազան, Մինսկ, Աստանա, լավագույն դեպքում՝ Թբիլիսի: Եթե Հայաստանի տնտեսության ամենամեծ ներդրումները ԵՄ-ինն են, ինչո՞ւ ՀՀ վարչապետը գոնե մեկ անգամ Բրյուսել չի գնացել, Փարիզ, Հռոմ, Բեռլին, Վաշինգտոն, Պեկին, նույնիսկ՝ Թեհրան: Թեպետ ընտրարշավի ժամանակ ասում էր՝ գնալու եմ: Կառավարությունում միայն Էդուարդ Նալբանդյա՞նն ունի հետխորհրդային տարածքը լքելու իրավունք: Թե՞ Կարեն Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի «բազմավեկտոր» սխալները չկրկնել ու մնալ հստակ գծի վրա՝ Մոսկվայի, ի տարբերություն նրա: Առանց այդ էլ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը «փչացնում է» նրա անբիծ դոսյեն՝ միլիարդներ առաջարկելով: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի նրա վիճակն իբրև վարչապետ, եթե ԱՄՆ-ը մտածի ու որոշի, որ Հայաստանում բավական է անհայտ նպատակներ ունեցող անկապ մարդկանց վրա փող ծախսել ու ժամանակն է տնտեսական մեծ ծրագրեր իրականացնել կոնկրետ ոլորտներում, որտեղ իշխում է ռուսական մոնոպոլիան: Որոշի՝ Հայաստանին ֆինանսավորումը կրճատե՞ց՝ կրճատեց, բայց կարող է տնտեսության ոլորտում այլընտրանք տալ Հայաստանին ու էներգետիկան իր ձեռքը վերցնել: Կամ՝ քիմիական արդյունաբերության վերականգնման ծրագիր սկսել: Ի վերջո, ում ձեռքին տնտեսությունն է, նա էլ քաղաքականություն է անում: Կարեն Կարապետյանին կմնա հրաժարական տա՞լը: Բայց սա էլ սենսացիա չի լինի:


Իրական սենսացիան, որ անցած շաբաթ եղավ Հայաստանում շաբաթօրյակն էր:
Կարեն Կարապետյանի հրահրած: «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում մարզերում փակվել են 637 աղբանոցներ: Արձանագրված 2030 աղբանոցներից փակված են 1300-ը: Կոտայքի մարզում՝ 67, Սյունիքում՝ 31, Արագածոտնում՝ 25, Շիրակում՝ 60, Վայոց ձորում՝ 74, Արարատում՝ 8, Արմավիրում՝ 46, Լոռիում՝ 244, Տավուշում՝ 48, Գեղարքունիքում՝ 34: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մեջ ենք ապրում: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում շաբաթօրյակի ավարտին աղբավայր է տեղափոխվել է 412 տոննա աղբ: Կրկնում եմ՝ 412 տոննա աղբ: Ի՞նչ էր անում քաղաքապետարանը ամբողջ տարին, ի՞նչ է հավաքում «Սանիթեքը»: 412 տոննա աղբ՝ միայն Երևանում: Եթե մեկ շաբաթ հետո էլ սխրանք հայտարարվի, ևս 412 տոննա աղբ կհավաքվի՝ վստահ եղեք: 412 տոննա աղբը պաշտոնական վկայությունն է, թե պետական կառավարման փայլուն ցուցանակից ներս իրական վիճակն ինչպիսին է: Ոմանք գուցե 412 տոննա աղբը Երևանի պես քաղաքի համար համարեն սովորական՝ մեծ քաղաք է, ենթակառուցվածքները անհավասար են զարգացած: Կան տարածքներ, որ ընդհանրապես չեն մաքրվում: Ի՞նչ մի թիվ է 412 տոննան, համայնքների վրա բաժանես, ամեն համայնքին մի քանի տասնյակ տոննա է ընկնում: Այդպես մտածողները թող գումարեն աղբահանությանը հատկացվող ծախսերը ու բաժանեն 412 տոննա աղբի վրա՝ իբրև աղբանոցը նետված փող: Կամ՝ գրպանից դուրս չեկած: Կյանքն իսկապես առաջ է գնում: Տոննայանոց քայլերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. 412 տոննա աղբը վերջնագիծը չէ, ինչքան չգիտակցված ու չմաքրված աղբ կա մարդկանց գիտակցության մեջ: Օրինակ, որ ժողովրդավարական հասարակությունում փոքրամասնությանը պետք է իրավունք վերապահվի լսելի դարձնել իր ձայնը, իսկ մեծամասնությանը պետք է հնարավորություն ընձեռվի որոշումներ կայացնելու միջոցով իր անելիքներն անել: Ընդդիմությունը պետք է հարգի մեծամասնության որոշում կայացնելու իրավունքը, մեծամասնությունն էլ հարգի փոքրամասնության՝ իր հետ չհամաձայնելու իրավունքը: Որ երբեք մեծամասնությունը որոշումներ կայացնելու իր իրավունքը չի կարող զիջել փոքրամասնությանը և ցույց տալ, որ փոքրամասնության դերակատարությունը բարձրանում է: Որ դա կեղծ թեզ է: Որ ընդդիմության դերակատարությունը այլընտրանքային լուծումներ առաջարկելն է և մեծամասնությանը սկզբունքորեն հակադրվելը: Որ դա չի վիճարկվում՝ դասական ժողովրդավարությունն է: Դասական ժողովրդավարությունը սկսվում է դասական ընտրություններից: Երբ ընտրությունը կեղծվում է (մեթոդները կարևոր չեն), վերնաշենքը աղավաղված բազիսի վրա ստանում է կեղծ զարգացում: Առաջանում է կեղծ իշխանություն, որ ստեղծում է իր համար կեղծ ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությանը փորձում է տեղավորել «դասական ժողովրդավարության» պարկում՝ տալով ինքնարտահայտվելու ու իշխանությանը հակադրվելու պատիվը: Աբսուրդ: Ասում եմ, չէ՞, 412 տոննա աղբը վերջնագիծ չէ՝ կան նոր ու մեծ հեռանկարներ: Աղբահավաքության՝ հաստատ: Մխիթարություն էլ կա, նախ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ աղբից են ծնվում բանաստեղծությունները՝ Աննա Ախմատովան վկա, հետո էլ՝ «Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ»՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Իսկ նա Սահմանադրության երաշխավորն է ու… ինքը գիտի, թե ով: Հետո:

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ